Մեր թիմը պատասխանել է պարտատոմսերի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին։
Ի՞նչ է պարտատոմսը։
Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որն իրավունք է տալիս այն ձեռք բերողին սահմանված ժամկետում պարտատոմս թողարկողից հետ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը և տոկոսագումարները՝ արժեկտրոնի տեսքով (արժեկտրոնային պարտատոմսի դեպքում)։
Այլ կերպ ասած՝ պարտատոմսերում ներդրումներ կատարելով, որոշ ժամանակ անց ներդրողը հետ է ստանում ներդրած գումարը հավելյալ եկամտով:
Ովքե՞ր կարող են թողարկել պարտատոմսեր։
Պարտատոմսն ունիվերսալ ֆինանսական գործիք է, քանի որ այն կարող է թողարկվել ինչպես պետության, համայնքների, այնպես էլ բանկերի և մասնավոր ընկերությունների կողմից։
Ինչու՞ են թողարկվում պարտատոմսեր։
Պարտատոմսերը թողարկվում են հանրությունից որոշակի ժամկետով դրամական միջոցներ ներգրավելու նպատակով:
Որպես կանոն, պետական պարտատոմսերը թողարկվում են կառավարության կամ պետական կազմակերպությունների կողմից, իսկ կորպորատիվները՝ մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ առևտրային բանկերի կողմից։
Պետությունը կամ համայնքը իրենց բյուջերի պակասուրդը լրացնելու կամ նպատակային նախագծեր ֆինանսավորելու համար կարող են թողարկել պարտատոմսեր: Կորպորատիվ պարտատոմսերի թողարկման արդյունքում ընկերությունները վերցնում են պարտք՝ որպես ֆինանսավորման, նախագծերի կամ պարտքի վերաֆինանսավորման կամ այլ նպատակներով՝ ուղղակի մուտք գործելով կապիտալի շուկա:
Ինչու՞ ներդրումներ կատարել պարտատոմսերում։ Որո՞նք են հիմնական առավելությունները։
Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ՝
✅Կանխատեսելի և կայուն եկամուտներ ստանալու հնարավորություն։
✅Որպես կանոն, բանկային ավանդների համեմատ մրցակացային տոկոսադրույք։
✅Դիվերսիֆիկացնում են ներդրումային պորտֆելը։
Պարտատոմսերի միջոցով ներդրողը կարող է բաշխել իր ակտիվները տարբեր ոլորտների, շուկաների, և ռիսկային մակարդակների միջև։
✅Ցուցակված պարտատոմսերի օրական բորսայական գնանշումը հնարավորություն է տալիս շուկայական բարենպաստ պայմաններում մինչև մարումը վաճառել պարտատոմսերը ավելի բարձր գնով։
✅Հայաստանի ֆոնդային բորսայում մինչև 2024թ․-ի ավարտը ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։
Ի դեպ, ՀՀ բանկային ավանդներից ստացվող եկամուտը հարկվում է 10%-ի չափով։
✅Ֆիզիկական անձանց՝ առևտրային բանկերի թողարկած պարտատոմսերում կատարված ներդրումները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ նույն չափով ինչ ավանդները։
✅Որպես կանոն ցուցակված պարտատոմսերը, որոնք մեծամասամբ ունեն նաև շուկա ստեղծողներ, ունեն բարձր իրացվելիություն։ Մինչդեռ ավանդների վաղաժամ մարումը կարող է ենթադրել նախօրոք զգուշացում և տոկոսագումարի նվազում։
Ի՞նչ է նշանակում պարտատոմսերի տեղաբաշխում։
Տեղաբաշխումը պարտատոմսերի առաջնային վաճառքն է ներդրողին:
Ինչու՞ են պարտատոմսերը համարվում նվազ ռիսկային արժեթղթեր, քան բաժնետոմսերը։
Որպես կանոն, պարտատոմսերը համարվում են պահպանողական ներդրումային գործիքներ, ուստի կրում են ավելի քիչ ռիսկեր, քան բաժնետոմսերը:
Ե՞րբ է հնարավոր վաճառել պարտատոմսերը և ի՞նչ ծախսեր են առաջանում պարտատոմսերը վաճառելիս։
Ներդրողները պարտատոմսերը կարող են վաճառել Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակումից հետո՝ սովորաբար, տեղաբաշխման ավարտից 3-4 ամիս անց։
Առաջանում են բրոքերային և բորսայական միջնորդավճարներ, ինչպես նաև այլ հարակից ծախսեր՝ նախատեսված լինելու դեպքում։
Հնարավո՞ր է երկրորդային շուկայում ցանկացած պահի վաճառել պարտատոմսերը և որքա՞ն ժամանակ կպահանջվի:
Վաճառքի հնարավորությունը կախված է մի շարք հանգամանքներից, ենթակառուցվածքից, շուկաների հասանելիությունից, շուկա ստեղծողի առկայությունից և այլն, նաև թե ի՞նչ գնով և ի՞նչ քանակությամբ պարտատոմս է ներդրողը ցանկանում վաճառել, և արդյո՞ք շուկայում տվյալ քանակությամբ պարտատոմսի գնորդ առկա է։
*ՀՀ ֆոնդային բորսայում շուկա ստեղծողի կողմից իրականացվում են ամենօրյա երկկողմանի գնանշումներ՝ սահմանված նվազագույն ծավալներով։
Հնարավո՞ր է պարտատոմսերը վաճառելիս ներդրողը վնաս կրի։
Դա կախված է այդ պահի դրությամբ պարտատոմսի շուկայական գնից։ Պարտատոմսի շուկայական գինը կարող է տարբերվել տեղաբաշխման գնից․ կարող է լինել ինչպես բարձր, այնպես էլ ցածր։
Որպես կանոն, երկկողմանի գնանշումներն իրականացվում են շուկա ստեղծողի կողմից և կախված են պարտատոմսերի պահանջարկից և առաջարկից:
Եթե ներդրողը չվաճառի պարտատոմսը և պահի մինչև մարման ժամկետի ավարտ, միևնույն է ներդրողը կստանա իր նախնական ներդրումը՝ հավելյալ եկամտով:
Դայմենշն ներդրումային ընկերությունը մատուցում է տեղաբաշխման, պահառության, ռեեստրավարման, բրոքերային և արժեթղթերի գործառնություններով պայմանավորված մի շարք ծառայություններ։
Դայմենշնի կողմից մատուցվող արժեթղթերի գործառնություններով պայմանավորված ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք մեր կայք:
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 և 043 88 29 81 հեռախոսահամարներով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
Կայքում պարունակվող նյութն ունի տեղեկատվական նպատակ և չպետք է ընկալվի որպես որևէ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Յուրաքանչյուր ներդրում պարունակում է որոշակի ռիսկ և ցանկացած ներդրված կապիտալ կարող է կորցնել արժեքը և առաջացնել հնարավոր վնասներ։ Արժեթղթերում ներդրման հետ կապված ռիսկը կրում է ներդրողը։
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Դայմենշնը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: