«Դայմենշն» ՓԲԸ-ն ներդրումային ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թ․ և 2026 թ․-ից հանդիսանում է «Ինեկո Գրուպ» խմբի անդամ։ Խմբի ակտիվները գերազանցում են 2.5 մլրդ ԱՄՆ դոլարը, իսկ խմբի ընկերություններում աշխատում է ավելի քան 1,000 մասնագետ։
«Դայմենշնը» համադրում է տեղական շուկայի խորքային իմացությունն ու միջազգային ֆինանսական փորձառությունը՝ բիզնեսին կապիտալի հասանելիություն, իսկ ներդրողներին՝ ներդրումային հնարավորություններ ապահովելու համար։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են կապիտալի շուկաներն ու խորհրդատվությունը, ակտիվների կառավարումը, բրոքերային ծառայությունները, ինչպես նաև արժեթղթերի պահառությունն ու ռեեստրի վարումը։
«Դայմենշնն» ունի ընկերություններին կապիտալի շուկա դուրս բերելու հարուստ փորձ և իրականացրել է տասնյակ միլիարդավոր ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեթղթերի տեղաբաշխումներ՝ տնտեսության ավելի քան 10 ոլորտներում գործող ընկերությունների համար։ Ընկերությունն աջակցում է թողարկողներին ֆինանսավորման ներգրավման բոլոր փուլերում՝ գործարքի կառուցվածքի մշակումից և փաստաթղթերի պատրաստումից մինչև տեղաբաշխում, բորսայական ցուցակում և շուկա ստեղծողի ծառայությունների մատուցում։ Խորհրդատվական ծառայությունների շրջանակը ներառում է նաև բաժնետիրական կապիտալի ներգրավումը, այդ թվում՝ բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկները (IPO), միաձուլումների և ձեռքբերումների ուղեկցումը, բիզնեսի գնահատումը և կապիտալի կառուցվածքի վերաբերյալ խորհրդատվությունը։
Բրոքերային ծառայությունների միջոցով ընկերությունն ապահովում է հասանելիություն Հայաստանի և միջազգային արժեթղթերի շուկաներին՝ հաճախորդներին աջակցելով ներդրումային հետազոտություններով և վերլուծություններով։ Ակտիվների կառավարման հիմքում ներդրումների ընտրության և պորտֆելի ձևավորման համակարգված մոտեցումն է՝ զուգորդված ռիսկերի ու ներդրումային արդյունքների շարունակական մշտադիտարկմամբ։ Պահառության և ռեեստրի վարման ծառայություններն ամբողջացնում են առաջարկը։
Վերջին տարիներին ընկերությունն իր ձեռքբերումների համար բազմիցս արժանացել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակների։
Ընկերությունը լիցենզավորված է և վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ «Դայմենշն» ՓԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) անդամ է և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատորի կարգավիճակ։
Մենք առաջարկում ենք ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրանի, ապահովում ենք մատուցված ծառայությունների բարձր որակ՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին։
Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր գործընկերոջը և հաճախորդին՝ կառուցելով կայուն և երկարատև հարաբերություններ: Ընկերությունն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման միջազգայնորեն ճանաչված նորմերով և որոշումների կոլեգիալ ընդունման սկզբունքներով:
Մեր թիմի աշխատակիցները կիսում են ընդհանուր արժեքներ և հավատարիմ են ընկերության որդեգրած ռազմավարությանը։ Դայմենշն ընկերության աշխատակիցները թիմային են, նվիրված ու համախմբված, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում յուրաքանչյուր նախագիծ և աշխատանք հավուր պատշաճի իրականացնելու համար։ Մենք կիսում ենք միմյանց հետ մեր փորձառությունը` ստեղծելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ։
Մենք խիստ կարևորում ենք մեր հաճախորդների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը։ Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ՝ մենք երաշխավորում ենք պահպանել հաճախորդների և գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը։
Կարևորելով մեր համբավը` մենք բարձր ենք գնահատում վստահությունը, ազնվությունը և գործնական էթիկան։ Մենք վստահելի ֆինանսական կառույց ենք ՀՀ ֆինանսական շուկայում, որը ներդրողներին ծառայություններ մատուցելիս գործում է ֆիդուցիար պարտականությունների շրջանակում։