«Դայմենշն» ներդրումային ընկերությունը հանդես կգա որպես IDBank-ի պարտատոմսերի միակ շուկա ստեղծող


«Դայմենշն» ներդրումային ընկերությունը հանդես կգա որպես IDBank-ի պարտատոմսերի միակ շուկա ստեղծող

Մարտի 28-ին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկին՝ «Դայմենշն» ՓԲԸ-ին շնորհել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (AMANLBB2GER8) Շուկա ստեղծողի (Մարքեթ մեյքերի) կարգավիճակ, ինչպես նաև ցուցակել է IDBank-ի պարտատոմսերը՝ ընդգրկելով Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond ցուցակում, թույլատրել դրանցով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

 

2022 թվականի փետրվարի 25-ին մեկնարկած անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումն ավարտվել է։ Այսօրվանից ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն Շուկայից ձեռք բերել և վաճառել IDBank-ի վերոնշյալ պարտատոմսերը:

 

Դայմենշն ներդրումային ընկերությունը ֆոնդային բորսայի անդամ է 2019թ․ հունիսից, իսկ ներկայումս նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի թողարկած հասարակ բաժնետոմսերի Շուկա ստեղծողն է։

 

IDBank-ը փետրվար ամսին թողարկել է 150,000 հատ պարտատոմս՝ 1․5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10,000 ՀՀ դրամ): Պարտատոմսի արժեկտրոնի տարեկան տոկոսադրույքը 9.25% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, մարման ամսաթիվը՝ 25/05/2024թ․։

 

«Դայմենշնն ունի Մարքեթ մեյքերի ծառայությունների արդյունավետ մատուցման փորձ, ինչի շնորհիվ ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ։ Դայմենշնը պատրաստ է իրականացնել Մարքեթ մեյքերի կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ գործառնությունները՝ երաշխավորելով պարտատոմսերի բարձր իրացվելիությունը և ներդրողներին հնարավորություն տալով ցանկացած պահի գնել կամ վաճառել պարտատոմսը։ Կարծում եմ, որ պարտատոմսերն ամենահասանելի և կայուն ներդրումային գործիքներից են, որ կարելի է ներառել պորտֆելում՝ ներդրումները դիվերսիֆիկացնելու և ռիսկերն ու տատանողականությունը նվազեցնելու նպատակով», - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:

 

«Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ եղած հետաքրքրությունը և բարձր պահանջարկը ստիպում է մեզ ոչ միայն կատարելագործել Բանկում ներդրումներ կատարելու մեխանիզմները, այլև մեր հաճախորդներին տալ հնարավորություն էլ ավելի ճկուն ու հարմարավետ կերպով կառավարել իրենց միջոցները», - նշում է IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանը։

 

«Պարտատոմսերի շուկան, ըստ էության, արժեթղթերի ամենամեծ շուկաներից է աշխարհում, որը ներդրողներին առաջարկում է անսահմանափակ ներդրումային տարբերակներ: Պարտատոմսերի շուկան վերջին 15 տարում եռապատկվել է և այժմ գերազանցում է 120 տրիլիոն դոլարը», - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության ֆինանսական վերլուծաբան Պետրոս Մարգարյանը:

 

Սույն նյութը համարվում է գովազդ:


31 Մայիսի 2022, Երեքշաբթի

Վերջին հրապարակումները